Մաքուր  Հայաստան 

,, Մաքուր Հայաստան՛՛  ծրագրի  շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզպետարանը 12.04.2018թ հանրակրթական դպրոցների 7-ից 12-րդ դասարանների աշակերտների համար  հայտարարել էր Մաքուր Հայաստան վերնագրով շարադրության մրցույթ: Գորայքի միջնակարգ դպրոցի աշակերտները մեծ խանդավառությամբ մասնակցեցին մրցույթին , կատարվեցին առանձին քննարկումներ: 10-րդ դասարանի աշակերտուհի Դիանա Վարդանյանի շարադրությունը դպրոցում ճանաչվել է լավագույնը և ներկայացվել մարզպետարանի աշխատակազմին:

                                                         Մաքուր  Հայաստան                                                                                                                                (շարադրություն)

Կարծեք ամեն  ինչ նման է հեքիաթի … Եզե´րք հայրենի,  իմ ծննդավայր, իմ փոքրիկ Հայաստան, հրաշք է քո բնությունը՝ գանձերով լի. լեռներդ բարձրիկ, ջրերդ զուլալ… Միայն սիրտս մշուշվում է, երբ օտար ազգերն են տիրանում այդ գանձերին:Դարեր շարունակ մարտնչել է հայը, որ այսօր հայ մանկան շուրթերից առվակի պես մաքուր ու ջինջ քչքչա մեր հին ու հազարագանձ  հայոց լեզուն, անսասան լինի հայոց հողը: Ես հպարտ եմ, որ հայ եմ, ապրում եմ Հայաստանում և խոսում հայերեն:  Սակայն մի բան միշտ կեղեքում է հոգիս. ինչո՞ւ է հայը կռվում , մարտնչում , պայքարում  իր հողի համար, սակայն  լավ չի պահում: Ինչո՞ւ  մեր փողոցները, բակերն ու այգիները գրեթե միշտ  լցված են աղբով: Ինչպե՞ս անել , որ մարդիկ լցվեն իրենց շուրջբոլորը մաքուր պահելու գաղափարով: Բայց մինչ շրջապատը մաքրելը, նախ պետք է մարդիկ իրենց խիղճն ու հոգին մաքրեն, հետո տունն  ու փողոցը, այնուհետև վանկարկեն՝ «Մաքուր Հայաստան»:

Ես հավատում եմ քո ապագային, ի՛մ Հայաստան, քանզի հայ մանուկների պայծառ աչքերում կա քո գալիք ապագան, քանզի հարատևման ոգին է իշխում քո լեռներում և արարման ուժը՝ ժողովրդիդ բազուկներում: Հավատում եմ , որ կգա այն օրը, և կտեսնենք Հայաստանս՝ մաքուր, լուսառատ ու ջերմությամբ լեցուն:

                                    7-րդ դասարանի աշակերտ       Տիրան Հարությունյան

                                                      Մաքուր  Հայաստան                                                                                                                                (շարադրություն)

Լազուր երկինք՝ պարուրված մաքուր ու կենարար օդով, երկնահաս բարձրաբերձ լեռնագագաթներ, թավիշ սաղարթախիտ անտառների գրկում լեռնալանջեր  ու հեռուներ….Փրփրահոս ահեղագոչ գետ ու գետակների ափերին զմրուխտյա մարգագետիններ՝ զգլխիչծաղիկ-թիթեռների արբշիռ գույներով. Մի խոսքով Սարյանական հրաշք մի կտավ է երկրագնդի այս գողտրիկ անկյուն իմ փոքրիկ Հայաստանը՝թանգարան բաց երկնքի տակ:                                                                                       Զուլալ ու անապական սառնորակ աղբյուրները լիուլի հագեցնում են պապակ մարդու սասատիկ ծարավը: Իսկ կանաչազարդ գորգեր հագած դաշտ ու այգին հազարերանգ բույր ու գույնով գերում-գրավում են, ու չես կարողանում հեռանալ:             Անզուգական, չքնաղ բնություն,նրբերանգ ինչպես կինոնկարում, կախարդական ինչպես հեքիաթում, գարուն ինչպես երգերում: Մարդ վայելում է ու չի հագենում քաղցը:                                                                                                                                                          Կապուտակ Սևանն իր հմայքով կանչում-բերում է աշխարհի բյուր ծագերից  ժամանած զբոսաշրջիկներին:                                                                                                                  Հայաստան աշխարհիս բնությունը գերել է թե՛ տեղաբնակներին և թե՛ հյուրընկալվողներին:                                                                                                                                  Շրջելով հայրենի բնության կախարդ անկյուններով՝ մի ծանր ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ աղտոտված, ավելի ճիշտ տրորված գեղեցկություններ:  Զարմանում եմ ու զայրանում, միաժամանակ համոզվում. եթե մարդու հոգին մաքուր լինի, իր շուրջը մաքուր կպահի, չի աղտոտի իրեն հմայող միջավայրը,փողոցն ու բնությունը:                         Ուրեմն մաքրենք մեր հոգիները , որ մաքուր պահենք մեր երկիրը:Միասին խոստանանք ՝  Մաքու՛ր   Հայաստան:                                                                                                                                                   12-րդ դասարանի աշակերտուհի Ամալյա Հովհաննիսյան

                                                                  Մաքուր  Հայաստան                                                                                                                                (շարադրություն)

Մանկուց հիշողությանս մեջ տպավորված են հայրենի բարձրաբերձ լեռների հրաշագեղ պատկերները, ականջներումս լսվում է Որոտանի քրքիջը, զգում եմ արբեցնող բնության՝ հոտոտելիքս շոյող բույրերը: Ում համոզվում եմ, որ ուր էլ լինեմ ու ինչ էլ անեմ, իմ հայրենի լեռների մի ծաղիկն անգամ օտարի ծաղկունքի հետ չեմ փոխի: Ամեն անգամ նորովի եմ ընկալում այդ ամենը և կարոտում չքնաղ բնությունը, Դիլիջանի խիտ անտառները, Արարատյան դաշտի հյութալի մրգերի բույրը, Սևանա լճի վճիտությունը, Մասիսի սպասող հայացքը: Ուր էլ լինեմ, ինձ համար մեկ բնօրրան կա, ու դա իմ հայրենիքն է, այն պարզապես աշխարհագրական օբյեկտ չէ, որտեղ պատմական իրադարձության վկա եմ լինում, այլ հարազատ օջախ, ով մոր նման ձեռքերը պարզած սպասում է իր որդուն: Եկեք ընդունենք, որ աշխարհում շատ բան անփոխարինելի է: Մեզ համար թանկ է ամեն մի բուռ հողը, որովհետև դրա համար մեր քաջ զինվորների արյունն է թափվել: Մենք կարող ենք և պարտավոր ենք մաքուր պահել մեր շրջապատը, մեր հողն ու ջուրը: Դա առաջին հերթին առողջ միջավայրի ու կյանքի գրավականն է: Ոչ ոքի հաճելի չէ, երբ քայլում է այգով, իսկ շուրջը հյութի շշեր են ու աղբ: Կամ երբ առավոտյան քայլում է, ու քամին երեսին է տալիս ինչ-որ թաղանթե տոպրակ, որը երկար ու առեղծվածային թռիչքից հետո հանգրվանում է դեմքիդ: Մենք ենք մեր միջավայրի ստեղծողը և մենք պետք է գիտակցենք նրա կարևորությունը մեր կյանքում: Յուրաքանչյուրս պիտի անի իր քայլը մաքուր Հայաստան ունենալու համար:Եկեք այսօրվանից որոշենք, որ չենք ալարի ու երկու քայլ առաջ կգնանք՝ աղբը գցելով աղբարկղը: Մեքենայից ոչինչ չենք նետի ճանապարհին և էլի ու էլի շատ տհաճ դեպքեր: Մենք ենք մեր երկրի տերը և մենք պիտի մտածենք վաղվա օրվա մասին: Թող բոլորը հիշեն՝   Մաքուր Հայաստան:

10-րդ դասարանի աշակերտուհի Արմինե  Կարապետյան

 

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում  հայտարաված էր համապետական շաբաթօրյակ : Շաբաթօրյակն  արդյունավետ անցկացնլու նպատակով հանրապետության ամբողջ տարածքով կատարվել են նախապատրաստական աշխատանքներ, մոբիլիզացվել են գործադիր մարմինների ու մասնավոր ընկերությունների ռեսուրսները:

Գորայք համայնքը ևս անմասն չմնաց համապետական  շաբաթօրյակից:  Համայնքապետարանի աշխատակիցներն ու  դպրոցի  աշակերտները, ուսուցիչներ Դավիթ Ջանունցի և Մոնիկա Հարությունյանի պատասխանատվությամբ կազմակերպեցին և անցկացրեցին համայնքային շաբաթօրյակ: Չնայած եղանակի անբարենպաստ պայմաններին՝ 7-ից 12-րդ դասարանի աշակերտները պատրաստակամ և մեծ ջանադրությամբ մասնակցեցին Հայաստանի մի փոքրիկ հատվածն էլ ավելի մաքուր ու ակնահաճո  դարձնելուն: